ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
(ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)
Այս շաբաթ ԱԺ քառօրյայում փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքների պակաս չկար: Առանձին «դաշտ» էր բացվել ԲՀԿ-ի և ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի միջև: Ավելի «շռայլ» էր ԲՀԿ-ն, որն օգտագործեց իր ողջ «զինանոցը»:
-Պարոն ՈՒրիխանյան, ֆինանսների նախարարը՝ հակադարձելով ձեր կուսակցության անդամներին, հայտարարեց. «Ճիշտը և ճշմարտությունը շատ դառն է, ընտելացեք»: ԲՀԿ-ն արդեն ընտելանո՞ւմ է:
-Վարչապետի սանիկը, որը հանգրվանել է ՀՀ քաղաքացիների ծանր առօրյայի մաս կազմող նախարարական առանձնասենյակում, ծառայողական ավտոմեքենայի պատուհանից դիտողի կարգավիճակում է, ուստի ընդամենը մեկ հորդոր ունեմ` մոտ կանգնիր իրականությանը: Այդ ժամանակ շատ ավելի դժվար է լինում կոնկրետ խնդիրներից մարդկանց ուշադրությունը ցինիզմով, հեգնանքով շեղելը: Եթե, իհարկե, մարդու մեջ կա մարդկայնություն:
-Դավիթ Սարգսյանն ընդամենը խոսեց Գագիկ Ծառուկյանի խաղատների մասին, որը փաստ է, և մամուլն էլ մշտապես գրում է այդ մասին: Սա ինչո՞ւ ԲՀԿ-ում վրդովմունք առաջացրեց:
-Վրդովմունք առաջացրեց չորս ուժերին ուղղված վիրավորանքը և ԲՀԿ-ին՝ մասնավորապես: Ինչ վերաբերում է կազինոյին, իրենց իսկ ընդունած օրենքների շրջանակներում մարդը կատարել է ահռելի ներդրում սեփական երկրում, և իրեն պատկանող ձեռնարկությունն իրականացնում է օրինական գործունեություն: Ի՞նչ կապ ունի սա նրա հետ, որ «կանգառն» ու «կայանելը» արգելված են: Ճանապարհային երթևեկության բազմաթիվ նշաններ վերացվեցին, հայտնվեցին կարմիր գծեր: Կոնկրետ հարց է առաջանում` ո՞ւմ էր սա պետք, ինչո՞ւ այդպես վարվեցին և ինչո՞ւ վիճակը չի շտկվում: Երկրորդ. հարց է առաջանում` ի սկզբանե իմանալով, որ մեքենաները չեն շահագործվում, չեն օգտագործվում, այդ մեքենաների վրա տուգանք են նշանակում: Այսինքն, կառավարությունը ժողովրդի նկատմամբ վարվում է հետևյալ կերպ. այո, մենք գիտենք քո թույլ տեղը, այո, մենք խփելու ենք քո թույլ տեղին:
-Մեծամասնության ներկայացուցիչները հաճախ են հիշեցնում ԲՀԿ-ի «անցյալը», այսինքն, իշխանությունում եղած ժամանակաշրջանը: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ:
-Մենք խոսում ենք կոնկրետ խնդիրներից և դրանց անդրադառնալու հնարավորություն ենք տալիս նրանց, ովքեր այդ խնդիրները ծնում ու ստեղծում են: Ձեր հարցը հռետորական է: Բնականաբար, նպատակը մարդկանց ուշադրությունն այդ խնդիրներից շեղելն է: Ես որքան հիշում եմ իմ գործունեությունը ԲՀԿ-ում, անընդհատ տեսել եմ խանգարելու փորձեր, մանր-մունր չարություններով գործունեությունս պղծելու վերաբերմունք: Չեմ հիշում այլ վերաբերմունք, բացառությամբ որոշ մարդկանց, որոնք ընդունել են խնդիրը: Իսկ, առհասարակ, կառավարության կողմից ես տեսել եմ անհանդուրժողականություն, մերժում:
Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ